Արդեն պատրաստ են դեկտեմբեր ամսվա վարձավճարների ցուցակները: Կարելի է ենթադրել, թե ինչ կլինի մարդկանց հետ, երբ տեսնեն իրենց ծախսած գազի ու հոսանքի թվերը գումարային տեսքով: Հունիսից թանկացած Էլեկտրաէներգիան հիմա է իրեն զգացնել տալու: Այս խիստ ձմռան պայմաններում ավելի շատ հոսանք ու գազ է ծախսվում, քան օգտագործվել է նախորդ տարիներին: Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը իր ֆեյբուքյան էջում գրել է. «Ելնելով դեկտեմբեր ամսվա մեր կոմունալ վճարումների անդորագրերից տպավորությունն է, թե՝ կրանտից հոսում է Macallan-ը, հայաթում ունենք 100 մետրանոց շուրջօրյա ջեռուցվող լողավազան, իսկ տան դռնապահն էլ թաղապետն ա»: Իսկ քանդակագործ Վիգեն Ավետիսը այսօր կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է, թե ժողովուրդը չպետք է վճարի գազի և էլեկտրաէներգիայի վարձերը, արվեստագետը ժողովրդին ըմբոստության կոչ է արել:
Երկրում հաստատված կոմունալ վարձավճարներից կարելի է ենթադրել, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ոչ թե 45 հազար է, այլ ասենք` 145 հազար: Դեռևս անցած տարվա հունիսին, երբ խոսվում էր հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու մասին, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել էր. «Մենք պիտի նվազեցնենք և բացառենք աշխատող աղքատներին»: Նախարարը, հավանաբար, այս հայտարարությունն անելուց առաջ չէր հաշվարկել, թե կոմունալ վարձերը վճարելուց հետո այդ գումարի տակ ինչ է մնալու: Կուզենայի հավատալ, որ կառավարությունը պարզապես մոռացել է ոչ միայն այդ նուրբ հանգամանքը, այլև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի մասին, այլապես աղքատության նվազեցման նպատակով ձեռնարկվող գործողությունների հիմքում կներառվեր այն, որը 2013-ի առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 54 հազար 421 դրամ:
Հայաստանում հեղափոխական ամիսը փետրվարն է: Այդ ամսին ժողովուրդը հաճախ է բողոքի ալիք բարձրացրել: Նկատի ունենալով շուտով բոլորի դռներին չոքելիք կոմունալ վարձերը մուծելու անլուծելի խնդիրն ու ձմեռային ցրտերի շարունակության հեռանկարը, չի բացառվում, որ ականատես լինենք սոցիալական բունտի: Դա, իհարկե, մեծ չափով կախված կլինի քաղաքական ուժերից: Ընդդիմությունը նոր փորձության առաջ է կանգնած` վերադառնա՞ հրապարակ, թե՞ մնա խորհրդարանական տաքուկ աշխատասենյակներում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ